Jump to content

Տարոնի իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարոն (այլ կիրառումներ)

Տարոնի Բագրատունիների հայկական իշխանությունը ստեղծվել է 830 թվականին, հիմնադիր՝ Բագարատ իշխան։ Տարոնը նախապես Մամիկոնյան նախարարական տան տիրույթն էր, 8-րդ դարի ընթացքում աստիճանաբար անցնում է Բագրատունիների ձեռքը։ Բագարատի արաբներին գերի ընկնելուց և Բաղդադում վախճանվելուց հետո՝ նրա իշխանությունը ժառանգում է որդին՝ Աշոտը, իսկ վերջինիս մահից հետո (878Դավիթ-Արքայիկը, ապա՝ վերջինիս որդի Աշոտը։

Կոստանդին Ծիրանածին կայսեր ժամանակ Տարոնի իշխանն էր Գրիգորը, որի մահից հետո՝ նրա երկու որդիները՝ Բագարատն ու Աշոտը։ Սրանց ժամանակ Տարոնի մի մասի վրա տիրում է Թոռնիկը՝ վերոհիշյալների հորեղբայրը, որն իր տիրույթները «կտակում է» Բյուզանդիային։ Նույն բանն ստիպվեցին անել նաև Բագարատն ու Աշոտը, և 966 թ. Բյուզանդիայի կայսրությունը տիրացավ ողջ Տարոնին՝ վերացնելով այնտեղ հայկական իշխանությունը[1]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարոնի իշխանությունն ընդարձակ տարածք էր գրավում։ Նրա սահմաններն արևելքում հասնում էր Վանա լճի ափեր, իսկ արևմուտքում՝ Բյուզանդական կայսրություն։ Արևմուտքում Տարոնի իշխանության մեջ էր մտնում Հաշտյանքը, որից արևմուտք ձգվող Աշմուշատը նրա սահմանային շրջանն էր։ Աշմուշատից հյուսիս Տարոնի իշխանության մաս էին կազմում Խորձյանն ու Մանանաղին, որով այն սահմանակցում էր Կարին գավառին: Այս շրջանը ռազմավարական առանձնահատուկ նշանակություն ուներ արաբ-բյուզանդական դարավոր զինաբախումների ընթացքում։ Տարոնի հյուսիսում Արշարունիքի հարավային մասերը ևս մտնում էին Բագրատունիների իշխանության մեջ։ Տարոնի քաղաքական ու տարածքային զարգացման հնարավորությունները սահմանափակ էին։ Արևմուտքից Տարոնին սպառնում էր Բյուզանդիան, հարավից՝ Արզնի արաբական իշխանությունը, իսկ արևելքից՝ Վանա լճի առափնյակում հաստատված արաբական ցեղերը[2]։

Ընդհանուր պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց թագավորության հարավ-արևմուտքում գտնվող Տարոնի Բագրատունյաց իշխանությունը վաղ շրջանից ինքնուրույնություն ձեռք բերեց։ Մամիկոնյանների հինավուրց Տարոն գավառը Բագրատունի տան տիրույթը դարձավ դեռ Աշոտ Մսակերի օրոք, իսկ նրա որդին՝ Բագրատը առաջին Բագրատունի իշխանն էր, ինչպես նաև Վրաստանի ու Աղվանքի իշխանաց իշխանն էր, ով 826 թվականին հաջորդել էր հորը և հակախալիֆայական ապստամբությունը ղեկավարելու համար 851 թվականին Յուսուֆ ալ-Մարուազիի կողմից գերեվարվել ու տարվել էր Արաբական խալիֆայության մայրաքաղաք Սամառա։ Բագարատի գերեվարությունից( 851թ.) հետո, նրա որդիները՝ Տարոնում ապստամբած Աշոտն ու Դավիթը, ձերբակալվելով գերի տարվեցին, 858 թվականին այլ իշխանների հետ նրանք ևս ազատ արձակվեցին և վերադարձան Տարոն։ Աշոտը դարձավ Տարոնի գահերեց իշխան։ Կուրոպաղատ տիտղոսը նա ստացել էր կայսրությունից։ Արծրունյաց իշխան Դերենիկը 878 թվականին նրան գերի վերցրեց բանսարկության պատճառով և հաջորդ նշանակեց եղբորը՝ Դավիթ Արքայիկին, որն իր քրոջ՝ Մարիամի ամուսինն էր։

Բագրատունյաց թագավորության հաստատմամբ Տարոնը մնաց նրան ենթակա իշխանություններից մեկը և նրա անբաժանելի մասը, քանի որ տիրող իշխանները տոհմակից էին թագավորական տանը։ 895 թվականին իշխան դարձավ Դավիթի եղբոր՝ Աշոտի որդի Գուրգենը։ Սակայն նույն տարում սպանվեց Աղձնիքում իշխող Ահմադ Շայբանիի կողմից, որը նվաճեց ողջ Տարոնը։ 898 թվականին հայց թագավոր Սմբատը պատերազմ սկսեց Ահմադի դեմ, պաշտպանելով օրինական ժառանգորդ Աշոտի (Դավթի որդուն) իրավունքները։ Նույն տարում մահացավ Ահմադը և նորից Տարոնում իշխեցին հին տերերը։ Այդ ժամանակաշրջանում բախումներ առաջացան Տարոնի իշխանների միջև։ Դավթի որդի Աշոտի զարմիկ Գրիգորիկը գերի վերցնելով Դավիթին ու նրա եղբորը, ինքը իրեն հռչակեց Տարոնի իշխան։ Գրիգորիկն անկախ դիրք էր ստեղծել իր համար, չենթարկվելով հայոց Սմբատ թագավորին, ինչպես նաև բարեկամական հարաբերություններ էր հաստատել Բյուզանդական կայսեր և Բաղդադի խալիֆայի հետ[3]։

Անհանգստանալով Գիգորիկի ձեռքը գերի ընկած Աշոտ Բագրատունու և նրա եղբոր համար, Սմբատ թագավորը դիմեց Լևոն կայսրին, խնդրելով նրա միջամտությունը ազատ արձակելու երկու եղբայրներին։ Լևոն կայսրը մեծ նվերներով Տարոն ուղարկեց Կիստանդինին։ Վերադարձին Կոսանդինը իր հետ Պոլիս տարավ Գրիգորիկի որդի Աշոտին, որին ուղարկեց հոր մոտ։ Այս անգամ կայսերական պատվիրակը իր հետ մայրաքաղաք բերեց Տարոնի տիրոջ եղբորը՝ Ապուղանեմին և Դավիթ Արքայիկի երկու որդիներին։ Կոտանդինը երրորդ անգավ եկավ տարով և այս անգամ էլ իր հետ տարավ Տարոնի տիրոջը՝ Գրիգորիկին։ Մեծ տիտղոսներ շնորհեց նրան, Պոլսում մի ապարանք տվեցին Գրիգորիկին, ինչպես նաև տարեկան ռոճիկ էր տրվելու նրան։ որը կոչվում էր «Բարբարոսի տուն»։

Սակայն բարեկամական այս այցելությունները սոսկ արտաքին երևույթներ էին, Բյուզանդիայի կայսրը ուներ այլ ծրագրեր։ Շուտով կայսրը «Բարբարոս տունը» տվեց Գրիգորիկի եղբորը։ Ռոմանոս Լիկապենոսի (920-944) կայսերակից դառնալուց հետո Գրիգորիկը դիմնեց նրան և «Բարաբարոս տան» փոխարեն կալվածք ստացավ Եկեղյաց գավառում։ Սեպ էր խրված Գրիգորիկի և իր եղբոր՝ Ապուղանեմի տների միջև։ Ապուղանեմի որդի Թոռնիկը կայսրին բողոքեց իր այդ որոշման համար, հիշեցնում էր, որ «Բարբարոս տունը» իր հորն էր տված և Գրիգորիկը իրավունք չուներ այն փոխարինել այլ կալվածքով։ Ռոմանոս Լեկապենոսը որոշեց, որ Գրիգոդիկը տարեկան ռոճիկի փոխարեն կստանա ընծաներ։ Սրան դեմ արտահայտվեց Գրիգորիկը, կայսրը բոլորովին վերացրեց այդ ռոճիկը, բավականանալով նրանով, որ Պոլիս հրավիրեց Գրիգորիկի որդուն՝ Աշոտին, ու նրան շնորհեց պատրիկի տիտղոսը։

Գրիգորիկի մահից հետո Թոռնիկը հայսրից հետ ստացավ «Բարաբարոս տունը» և ստացավ պատրիկի տիտղոս։ Տարոնի իշխանությունը արդեն երկու մասին էր բաժանված՝ Գրիգորիկի որդի Բագրատի ու Աշոտի և Ապուղանեմի որդի՝ Թոռնիկը միջև։ 940 թվականին Համդանյան Սայաֆ-ալ-Դաուլան արշավեց Հայաստան, անցավ Խլաթի կողմերը, ապա մտավ Տարոն, ասպատակեց Գրիգորի որդի Բագրատի երկիրը և ավիրեց հայկական եկեղեցի Մուշ քաղաքում։ Սայաֆ-ալ-Դաուլան մտավ Սասունի երկիր, որը նվաճեց Աշոտից և տիրեց Խուփ ու Սուլայման ամրոցներին՝ իրենց շրջակայքով։ Աշոտը իշխեց մինչև 966/67 թվականը. նրա մահից հետո կայսրությունն իրականացրեց իր վաղեմի ծրագիրը՝ Տարոնը գրավեց։ Ըստ բյուզանդսկան պատմիչ Կեդրենոսի, հանգուցյալ Աշոտի որդիներ Գրիգորն ու Բագրատը Տարոնը «զիջեցին» կայսրությանը և փոխարենը ստացան պատրիկության աստիճան ու կալվածքներ։ Սակայն Բյուզանդիային չհաջովեց ամբողջությամբ նվաճել Տարոնը ։ Գրավվեց դաշտային մասը, որտեղ կառավարիչ նշանակվեց Լևոնը, իսկ Լեռնային Սասունը միշտ մնաց անկախ իշխանություն, որը սերտորեն կապված էր Վասպուրականի Արծրունիների և Հայոց թագավորության հետ[2][3]։

Իշխանների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անունը Իշխել է Նշումներ
Բագարատ Բագրատունի 830-855 Հայոց իշխան
Աշոտ Ա 855-878 Բագարատի որդի
Դավիթ-Արքայիկ 878-895 Բագարատի որդի
Գուրգեն Ա Բագրատունի 895-895 Աշոտ Ա-ի որդի
Գրիգոր Ա Բագրատունի 895-936 Աշոտ Ա-ի որդի, համիշխան
Ապուղանեմ Մամիկոնյան 895-900 համիշխան
Նիկոլայոս-Թոռնիկ Մամիկոնյան 900-945 համիշխան
Չորտվանել Ա Մամիկոնյան 945-967 համիշխան
Աշոտ Բ Բագրատունի 936-966 Գրիգոր Ա-ի որդի, համիշխան
Գրիգոր Բ Բագրատունի 936-987 Գրիգոր Ա-ի որդի, համիշխան
Բագարատ Բ Բագրատունի 936-987 Գրիգոր Ա-ի որդի, համիշխան
Թոռնիկ Մամիկոնյան 967-987 Չորտվանելի որդի, համիշխան
Վարազ-Վաչե Մամիկոնյան 967-987 Չորտվանելի որդի, համիշխան
Չորտվանել Բ Մամիկոնյան 987-991 Վարազ-Վաչեի որդի, համիշխան
Չորտվանել-Բագրատ Մամիկոնյան 987-998 Վարազ-Վաչեի որդի, համիշխան
Բագրատ Գ Մամիկոնյան 998-1020 Թոռնիկի որդի
Մուշեղ Ա Մամիկոնյան 1020-1030 Բագրատ Գ-ի որդի
Թոռնիկ Մեծ Մամիկոնյան 1030-1073 Մուշեղ Ա-ի որդի
Չորտվանել Դ Մամիկոնյան 1073-1120 Թոռնիկ Մեծի որդի
Վիգեն Մամիկոնյան 1120-1175 Չորտվանել Դ-ի որդի
Շահնշահ Մամիկոնյան 1175-1188 Չորտվանել Դ-ի թոռ
Հեթում Մամիկոնյան 1188-1194 Շահնշահի որդի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973, էջ 301.
  2. 2,0 2,1 Հայոց պամություն, հատոր II, գիրք II, «Զանգակ» հրատ., Երևան, 2014, էջ 103։.
  3. 3,0 3,1 Աղայան Ծ. Պ, Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Ներսիսյան Մ. Գ., Հայ ժողովրդի պատմություն, հատոր III , ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1976, էջ 83։.